Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանի ընտանիքը՝ իրենց 5 երեխաների հետ, նախագահ նստավայրի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Հեղինե Մակարյանը: Նա փոխանցեց, որ մինչեւ նախագահին չհանդիպեն չեն գնալու: Իրենց հետ բերել են անկողիններ եւ անհարժեշտ պարագաներ դրսում մնալու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին նրանք եւս նստացույց էին հայտարարել նախագահի նստավայրի դիմաց: Այն ժամանակ Հեղինեն դեռ հղի էր:
Ընտանիքի հայրը` Աշոտ Խուդոյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2009թ-ից իրենց սեփականության հետ կապված խնդիր է ծագել: «Մինչ օրս պայքարում ենք, սակայն դատարանի կողմից ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվում: Իսկ դատախազությունից ասում են, որ իրենք ունեն բոլոր համապատասխան փաստաթղթերը մեզ մեր բնակարանից դուրս հանելու համար»,- նշել է Աշոտ Խուդոյանը եւ ավելացրել, որ իրենք ցանկանում են խնդիրը ներկայացնել անձամբ նախագահին, որպեսզի գոնե նա կարողանա խնդրին լուծում տալ:
Նրանց երեք անչափահաս աղջիկները եւս ձնախառը եղանակին միացել էին նստացույցին: Հարցին, թե չե՞ն մրսում, երեխաները ուսերն էին թոթվում:





























