Եգիպտոսի Ֆայում քաղաքում տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումների հետեւանքով 5 մարդ է մահացել, եւս 70-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը:
Իսլամիստական ընդդիմությունը ուրբաթը հայտարարել է «ցասման օր» եւ իր կողմնակիցներին կոչ արել դուրս գալ փողոց՝ «միլիոնների երթի», իրենց բողոքը հայտնելով զինվորականների գործողությունների դեմ, որոնք ընդդիմության ուժային ճնշման կուրս են որդեգրել:
Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ խստորեն կկանխի հակաիրավական բոլոր գործողությունները: Ուժայինները արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ են օգտագործում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ երկրով մեկ սկսված բախումների արդյունքում 12 մարդ է զոհվել: Լրատվամիջոցները հայտնում են Կահիրեում առնվազն 25 ցուցարարների մահվան մասին: Եւս 4 մարդ զոհվել է Իսմայիլիայում, 8 մարդ՝ Դամիետայում: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ անկարգությունների արդյունքում զոհվել է 15 ոստիկան:




























