Վերջին օրերին Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների կալանավորումները նպատակ ունեն ստուգել, թե որքանով են ամուր ռուսական իշխանությունները: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Հասարակական պալատի եւ մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շեւչենկոն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրել է, որ կալանավորված ռուսաստանցիները՝ Ջավիդ Բաբաեւն ու Տարիել Սարկարովը, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքացի Իլդար Մամեդովը լեզգին են, որը «ռուսական բնիկ ժողովուրդներից մեկն է»: Նրանք ճնշումների են ենթարկվում Ադրբեջանում իրենց ազգային պատկանելիության պատճառով: Շեւչենկոն ընդգծել է, որ այդ կալանավորումները տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի նախաշեմին, եւ տեղի ունեցածը «քաղաքական կրկես» անվանել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Շեւչենկոյի խոսքով՝ Բաբաեւի, Սարկարովի եւ Մամեդովի կալանավորման միակ պատճառն այն է, որ նրանք Ադրբեջանում «լեզգին ժողովրդի իրավունքների» պաշտպաններ են: Շեւչենկոն վստահ է, որ դրանով Ադրբեջանը ստուգում է ռուսական իշխանությունների ամրությունը: