Անկախ Տիգրան Առաքելյանի գործով դատաքննության ընթացքից, վերջնական որոշումը կայացնելու է անձամբ Սերժ Սարգսյանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 16-ին, գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպված ՀԱԿ-ի ավանդական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցնելով Երեւանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ հաջողված պայքարի մասին, նկատել է, որ իշխանությունները տեղի են տալիս միայն հասարակության ճնշման դեպքում:
«Դատարանը կարող է ինչ-որ միջնորդություններ բավարարել, ինչ-որ միջնորդություններ չբավարարել, բայց կարեւորագույն հարցը՝ արդյոք Տիգրան Առաքելյանը կամ տղաները կլինե՞ն ազատության մեջ, թե ոչ՝ որոշելու է անձամբ Սերժ Սարգսյանը: Դատական ընթացքից բացարձակ հնարավոր չի լինի պարզել, թե նա ինչ է որոշել: Միակ կարեւոր խնդիրն այն է, որ մենք ձեռնարկենք բոլոր այն միջոցառումները, որոնք թույլ կտան լուրջ ճնշումներ գործադրել այս իշխանությունների վրա»,-ասել է նա:
Լեւոն Զուրաբյանը նաեւ կոչ է արել բոլորին՝ ակտիվորեն մասնակցել օգոստոսի 26-ին Վերաքննիչ դատարանում կայանալիք դատական նիստին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:




























