Մի խումբ մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Քաշաթաղի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին:

Նամակում ասվում է.

«Մենք, մի խումբ հայ արվեստագետներս եւ մշակույթի այլ ասպարեզների գործիչներս, վերջերս մամուլից տեղեկացանք Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի գործունեության եւ դպրոցի աշխատանքների խափանման վերաբերյալ նյութերին: Գոռ Մանուկյանը մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու, վարձավճարները յուրացնելու մեջ, ինչը խաթարում է դպրոցի լիարժեք գործունեությունը եւ, մեր խորին համոզմամբ, չի կարող համապատասխանել իրականությանը: Մեզանից շատերն անձամբ են ճանաչում Գոռ Մանուկյանին, գիտեն նրա նվիրյալ աշխատանքի, բարոյականության եւ ազնվության մասին, ոմանք էլ տեղում են ծանոթացել դպրոցին ու նրա անձնվեր աշխատակիցներին:

Չնայած բոլոր դժվարություններին եւ սոցիալական անբավարար պայմաններին, Գոռ Մանուկյանն իր ակտիվ գործունեությամբ զգալի ներդրում է կատարում Քաշաթաղի եւ, մասնավորապես, Բերձորի, կրթա-մշակութային կյանքն աշխուժացնելու, երեխաների եւ պատանիների դաստիարակության գործում:

Պարոն նախագահ, արդարության հաղթանակի ակնկալիքով, խնդրում ենք Ձեզ միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին եւ օգնել, որպեսզի Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի նորմալ, խաղաղ գործունեությունը շարունակվի:

Այսօր ժամը 18-20 Սարյանի արձանի մոտ կանցկացվի ստորագրահավաք եւ ակցիա 600-ական դրամ Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցին աջակցություն»: