«Արզնի կաթ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունն իրենց մոտ կրկնակի փորձաքննություն չի կատարել:

Հայտարարությունում,  մասնավորապես ասվում է.

«Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2 %», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013թ-ի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության, ըստ որի՝ համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ արձանագրության՝ վերը նշված ապրանքները չեն համատասխանել ՀՀ կառավարության 2006թ-ի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:

Համաձայն այդ որոշումների` «Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն' Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման:

Եզրակացությունը` նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 –Ն աղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15-ի պահանջներին:

Ինչպես նշվել է լրատվական կայքերից մեկում՝ բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել նշված պահանջներին:

«Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն' Գեւորգ Գեւորգյանը հավաստում է, որ կրկնակի փորձաքննություն չի կատարվել, վերը նշված արտադրատեսակների նմուշները վերցրել են մեկ անգամ»: