Ինչ խնդիրներով էլ մարդիկ այցելեն այս ամբուլատորիան, պետք է առողջացած դուրս գան, իսկ դրա համար շատ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 16-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան-1-ում բժշկական ամբուլատորիայի բացման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով եւ հնարավորություններով ապահովված նորակառույցում մեր մասնագետներն ավելի մեծ նվիրումով կաշխատեն ու առավել հոգատարությամբ կվերաբերվեն հիվանդներին»,- ասել է նա:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է  ընդամենը 8 ամսվա ընթացքում կառուցված ամբոլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարներին` կատարված  բարձրորակ աշխատանքների համար։

Ամբուլատորիան կառուցվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր - 2» հավելյալ  ֆինանասավորման  վարկային ծրագրով։ Այն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով: Ամբուլատորիայի մեկ բժիշկ եւ երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ եւ բուժքույր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արմավիրի մարզում բացված երրորդ նորակառույց ամբուլատորիան կսպասարկի Բաղրամյան-1 եւ Շենիկ համայնքների շուրջ 2150 բնակչությանը: Ներկաները ոգեւորությամբ էին նորակառույցի պայմանները համեմատում համայնքապետարանի շենքի առաջին հարկի մի փոքրիկ հատվածում տեղակայված նախկին ամբուլատորիայի հետ, որտեղ  ջրամատակարարման, կոյուղու եւ ջեռուցման համակարգեր չկային:

Հավելենք, որ ամբուլատորիայի կառուցման համար ներդրվել է շուրջ 55.6 մլն դրամ, որից  շուրջ 51.3 մլն դրամը` շինարարության, եւ  շուրջ 4.3 մլն` բժշկական  սարքավորումներ, պարագաներ եւ կահույք ձեռք բերելու համար:

Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ Արմավիրի մարզում եւս մեկ ամբուլատորիայի կառուցում կսկսվի։ Այդպիսով մարզի 52 բժշկական ամբուլատորիայից 45-ը կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան։