«Նոր Մոսկվայում» խոշոր վթարի գործով կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները նրա խնդրանքով նրան են ուղարկել թոռան լուսանկարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա կինը` Անահիտ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ մինչ օրս Մոսկվա մեկնած իրենց հարազատները չեն հանդիպել Հրաչյայի հետ եւ որեւէ տեղեկություն չունեն նրանից: «Ուղղակի սպասում ենք դատի օրվան, որ գոնե այդ կերպ հանդիպենք կամ տեղեկություն ունենանք: Հուսով ենք, գոնե նկարը փոխանցած կլինեն»,- հույս հայտնեց Հրաչյա Հարությունյանի կինը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն իրեն այցելության մեկնած Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից խնդրել է, որ թոռան նկարն ուղարկեն իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Նա Ռուսաստան էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու: