Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած աշխատանքային այցով մեծ նվեր արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ գալիք նախագահական ընտրությունների համատեքստում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Եթե Թուրքիայի կամ Ադրբեջանի քայլերը ձեռնտու չլինեն Ռուսաստանին, վերջինս ցանկացած պահի կարող է բարձրացնել այդ պետությունների ապօրինի գործողությունների հարցը», - նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին թուրք-ադրբեջանական խոր քաղաքականություն է տարվում։ «Թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, արդեն կախված է Թուրքիա-Ադրբեջան նշված տանդեմից, բացի դա, բավական մեծ կլինի արտաքին ազդեցությունը», - ամփոփել է Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, օգոստոսի 13-ին կայացել էր Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մի շարք երկկողմ փաստաթղթեր էին ստորագրել, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներին առնչվող։