Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում օգոստոսի 16-ին, փոսն ընկած երիտասարդի` 21-ամյա Ժորա Մինասյանի առողջական վիճակը լավ է, նա գտնվում է տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժորա Մինասյանը:

«Ես էնտեղ ցելոֆան եմ բերում, էնտեղ կանգնած էի, Էդոն ներքեւ գործ էր անում, Սեթոն վերեւը կանգնած էր, ես էլ կողքը սպասում էի, որ ցելոֆանի փողը տային, հողը լցվեց Էդոյի վրա, Էդոյին հանեցին, հետո հողը լցվեց Սեթոյի վրա. ընկավ փոսի մեջ, սկսանք Սեթոյին հանել, համարյա ես էի ընկնում, մինչեւ դոշս ծածկել էր, ես հելա, Էդոն հելավ, սկսանք փորել, Սեթոյին չկարեցանք հանել, քարը ընկավ վրես, մեջքս ցավում էր, էլ չէի կարողանում շարժվեի, ոչ մի բան անեի, մեջքս բռնեցի,  գնացի պառկեցի, էլ ոչ մի բան չտեսա, հիվանդանոցում իմացա, որ Սեթոյին բերել են, մահացել է»,- պատմել է նա:

Ժորա Մինասյանը չէր ճանաչում տարածքում աշխատող երիտասարդներին, մի քանի անգամ էր տեսել եւ չկարողացավ տեղեկություններ հաղորդել նրանց մասին, միայն նշեց, որ տարածքում «ջրի տռուբա կար, երեւի շատ են փորել, դրա համար էլ հողը լցվեց»:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում արտակարգ պատահար է գրանցվել: Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցում սողանքի հետեւանքով հսկայական փոս էր գոյացել, որտեղ երիտասարդ էր ընկել: Փոսի խորությունը  հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ մոտ 20 մետրի:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ի վերջո հողը քանդելով հայտնաբերել են փոսն ընկած երիտասարդին, որը հողի տակ է մնացել ժամից ավելի: Երիտասարդը ողջ է եղել եւ նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացած երիտասարդը  35-ամյա Սեդրակ Մանվելի Մամիկոնյանն է: Դեպքի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաեւ 21-ամյա Ժորա Սուրենի Մինասյանը, ով եւս մնացել էր հողի տակ: Նրա մոտ առկա էր ողնաշարի վնասվածքներ: Երկու տուժողներն էլ Ներքին Շենգավիթի բնակիչներ են: