Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում օգոստոսի 16-ին, փոսն ընկած երիտասարդը, ով «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է, 35-ամյա Սեդրակ Մանվելի Մամիկոնյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Դեպքից հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաեւ 21-ամյա Ժորա Սուրենի Մինասյանը, ով եւս մնացել էր հողի տակ: Նրա մոտ առկա էր ողնաշարի կոտրվածքներ, վնասվածքներ: Հիվանդանոցից հայտնեցին, որ նա անհետաձգելի բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն:

Երկու տուժողներն էլ Ներքին Շենգավիթի բնակիչներ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում արտակարգ պատահար է գրանցվել: Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցում սողանքի հետեւանքով հսկայական փոս էր գոյացել, որտեղ երիտասարդ էր ընկել: Փոսի խորությունը  հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ մոտ 20 մետրի:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ի վերջո հողը քանդելով հայտնաբերել են փոսն ընկած երիտասարդին, որը հողի տակ է մնացել ժամից ավելի:

Երիտասարդը ողջ է եղել եւ նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: