Լոռի մարզի բնակիչ, 34-ամյա Վահան Գալստյանը շտապօգնության բժշկին ծեծելու համար դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
34-ամյա Վահան Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում գտնվող իրենց տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, անհիմն կերպով վիճաբանության մեջ Է մտել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից իր կանչով բուժօգնության եկած շտապօգնության մեքենայի վարորդ Վաչագան Սամվելյանի հետ, հայհոյանքներ տվել նրա հասցեին, ձեռքերով եւ աթոռով հարվածներ է հասցրել նրան եւ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ նա իրենց տանը օգտագործել է ոգելից խմիչքներ եւ, գտնվելով հարբած վիճակում ,տան երկրորդ հարկի աստիճաններից վայր է ընկել աստիճանահարթակի վրա: Դրա հետեւանքով նրա մոտ առաջացել են ցավեր եւ քթի արյունահոսություն, որի պատճառով կինը՝ Աննա Գասպարյանը զանգահարել եւ կանչել էր շտապօգնություն: 2011թ. դեկտեմբերի 11-ին ժամը 21 30-ի սահմաններում կանչի հիման վրա Տաշիրի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժքույր Աննա Գրնկինան եւ վարորդ Վաչագան Սամվելյանը գնացել էին Վահան Գալստյանի տուն: Մտնելով հյուրասենյակ՝ տեսել էին Վահան Գալստյանին երեսնիվայր հատակին պառկած վիճակում: Բուժքույր Աննա Գրանկիննան հարցրել էր, թե ինչ է պատահել, որին Աննա Գասպարյանը պատասխանել էր, որ ամուսինը վայր է ընկել, արյունահոսություն ունի, զգուշացրել էր նաեւ, որ նա հարբած է: Այդ լսելով Վահան Գալստյանը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ, որի պատճառով Վաչագան Սամվելյանը դիտողություն է արել վերջինիս: Վահան Գալստյանը, ցավագին ընդունելով Վաչագան Սամվելյանի դիտողությունը, հայհոյանքներ էր տվել վերջինիս հասցեին, ձեռքերով դիտավորյալ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա աթոռով հարվածել նաեւ նրա ձեռքին:
Քննելով գործը դատարանը վճռել է Վահան Անդրանիկի Գալստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով:





























