Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մասնակցել է «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության նախագահին ներկայացվել են «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումները, ներկա գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք միջոցառումների եզրափակիչ փուլերին, զրուցել հավաքի մասնակիցների հետ, հետաքրքրվել այս օրերի ընթացքում նրանց ստացած տպավորություններով, ինչպես նաեւ պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու եւ քննարկելու համար: Երիտասարդները Սերժ Սարգսյանին պատմել են նաեւ այս օրերի ընթացքում պետական, քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին, նշել, որ փորձել են «Բազե-2013»-ի շրջանակներում կազմակերպված բոլոր մրցաձեւերում առավելագույնս դրսեւորել իրենց գիտելիքներն ու կարողությունները:

ՀՀ նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներին վերաբերող կարեւոր եւ արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին: