Եգիպտոսում, ուժայինների կողմից իշխանությունից հեռացված նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարների ցրումից հետո սկսված անկարգությունների արդյունքում տուժել են ավելի քան 50 քրիստոնեական եկեղեցիներ եւ պաշտամունքային վայրեր: Դրանց թվում են 30 ուղղափառ ղպտիական վանքեր, 14 կաթոլիկ եկեղեցիներ ու վանքեր, ինչպես նաեւ բողոքական 5 աղոթարաններ:
Առավել շատ վնասվել են Վերին Եգիպտոսի Ալ-Մինյա եւ Լուքսոր քաղաքների քրիստոնեական պաշտամունքային վայրերը, հայտնում է KAI գործակալությունը: Եգիպտոսի առաջին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին քրիստոնյաներին խոստացել է, որ բոլոր վանքերի վերականգնումը կիրականացվի պետության կողմից: Տեղերում արդեն նշանակվել են ռազմական ինժեներներ ու շինարարներ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ 14 քաղաքներում մտցվել է պարետային ժամ: Այս շաբաթ զինված ուժերի եւ իսլամիստ նախագահի կողմնակիցների միջեւ հակասությունները վերաճել են ռազմական բախումների, որոնց ժամանակ զոհվել է ավելի քան 750 մարդ:





























