Եգիպտոսի հայ համայնքը լավ վիճակում է, համայնքի անդամներն անվտանգության մեջ են, եւ համայնքին ոչ մի վնաս չի հասցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի ատենապետ Պերճ Թերզյանը` անդրադառնալով Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ երկրի բանակի միջեւ բախումներին:
«Հայտարարվել է պարետային ժամ. Երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 6-ը փողոց դուրս գալ չի կարելի: Դա կշարունակվի մեկ ամիս, քանի դեռ իրականացվում է իշխանության փոխանցման գործընթացը, եւ երկրում կայունություն կհաստատվի», նշել է Պերճ Թերզյանը:
Ըստ նրա` պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները փորձում են երկրի ներսում լարվածություն ստեղծել, հարձակվում են եկեղեցիների, պետական հաստատությունների վրա: «Այդ ամենը դադարեցնելու համար հայտարարվել է պարետային ժամ», - ընդգծել է Պերճ Թերզյանը, հույս հայտնելով, որ մեկ ամսվա ընթացքում երկրում իրավիճակը կկայունանա:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում շարունակվում են «Մահմեդական եղբայրների» եւ ուժայինների բախումները: Իսլամիստները շարունակում են բողոքի ցույցերը` թեեւ ներմուծված արտակարգ դրությանը եւ պարետային ժամին:





























