Արագածոտնի մարզի Մեծաձոր եւ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքների ղեկավարի սեպտեմբերի 8-ի արտահերթ ընտրություններին սահմանված ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 18-ի ժամը 18:00-ը, առաջադրվել են երկուական թեկնածուներ: 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ Մեծաձորի գյուղապետի թեկնածուների գրանցման փաստաթղթեր ներկայացրել են ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ՝ Մազիտ Ամոյանը եւ Մեծաձորի հիմնական դպրոցի տնտեսվար Թեմուր Քալաշյանը, իսկ Կարմրաքարի գյուղապետի՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, «Էյ-Ի-Ջի սերվիս»-ի փականագործ Իշխան Վահրադյանը եւ ՀՀԿ անդամ Արթուր Մաթեւոսյանը: Ի.Փահրադյանն ինքնաառաջադրվել է, իսկ Ա.Մաթեւոսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:    

Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ գյուղապետերի թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 20ն-ն ընկած ժամանակահատվածում:     

Նշենք, որ 2011թ. ապրիլի 3-ի ընտրության արդյունքում Մեծաձոր գյուղական համայնքի ղեկավար ընտրված Սաիդ Ամոյանը մահացել է այս տարվա հունիսի 13-ին:

Ըստ ՀՀ կառավարության՝ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վահրադյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման ընդունումը պայմանավորված է նրա` անձնական բնույթի խնդիրների առաջացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Սակայն մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Գ.Վահրադյանը, հիասթափված լինելով գյուղի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից, արտագաղթել է Հայաստանից: