Հայաստանի մշակույթի նախարարության որոշմամբ ազգությամբ քուրդ գրող եւ հրապարակախոս Յաշար Քեմալին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը շնորհելը արձագանք է գտել թուրքական մամուլում։

Թուրքական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են Յաշար Քեմալին Հայաստանի կողմից հուշամեդալ հանձնելու թեմային։ Թուրքական լրատվամիջոցները զերծ են մնացել մեկնաբանություններից՝ ներկայացնելով միայն փաստ՝ հիմնականում « Հայաստանից պարգեւ Յաշար Քեմալին» վերնագրերով։

Նշենք, որ Յաշար Քեմալը հուշամեդալով է պարգեւատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։

Յաշար Քեմալը այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951 թ–ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

 «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը Յաշար Քեմալին է հանձնվելու 2013թ. սեպտեմբերի 4-ին Ստամբուլում։

Յաշար Քեմալը ծնվել է 1922-ին: 1950-ին ձերբակալվել է կոմունիստական գաղափարներ տարածելու մեղադրանքով: Հեղինակ է բազմաթիվ վեպերի: Նա է գրել նաեւ «Արարատի լեգենդները» վեպը: