Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ամառային հանգիստն անց է կացրել Իտալիայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը: Նա ընտանիքի հետ երկու շաբաթ անց է կացրել Հռոմում եւ Վենետիկին մոտ մի փոքր քաղաքում: Նախարարը պատմեց, որ Իտալիան իր ամենասիրված վայրերից մեկն է դեռեւս ուսանողական տարիներից, այն ժամանակ հաճախ է այցելել այդ երկիր եւ, պահպանելով ջերմ հիշողություններ երկրի մասին, որոշել է նաեւ այս տարվա ընտանեկան հանգիստը կազմակերպել Իտալիայում` հաշվի առնելով, որ բացառիկ տեղ է, որտեղ միացվում է մշակութային տուրիզմը, ծովը, բարյացակամ լավ ժողովուրդը, «լավ եւ մատչելի հանգստի համար լավ պայմաններ էին, հատկապես՝ պատմամշակութային վայրերը շատ էին գրավում»։

Նախարարն ասաց, որ երեխաները եւս շատ հավանեցին Իտալիան։ Օրինակ՝ ավագ որդին, ով շատ է սիրում Հին աշխարհի պատմություն, ոգեւորված էր հին աշխարհի քաղաքակրթական կենտրոններից մեկով։ «Իհարկե շատ փոքր էր, որպեսզի ամբողջական ընկալի, բայց Վատիկանի թանգարանները, հայտնի ճարտարապետական կոթողներ, հայկական մշակութային օջախները շատ հետաքրքիր էին»,- ասաց Արմեն Աշոտյանը։

ԿԳ նախարարը շեշտեց, որ Իտալիայում ամեն մի քաղաք՝ հարավից մինչեւ հյուսիս, յուրովի պատմամշակութային կերպար է, եւ ամեն մի քաղաք բացահայտում է, համաշխարհային պատմության ու մշակույթի մի փոքրիկ վկայական եւ այդ առումով դժվար է ասել, որ երկիրը ամբողջությամբ բացահայտված է։ Արմեն Աշոտյանը նշեց, որ դեռեւս ուսանողական տարիներին սովորելով Ֆրանսիայում, ունի բազմաթիվ իտալացի ընկերներ, մի անգամ նույնիսկ այնտեղ է դիմավորել Ամանորը։

Արմեն Աշոտյանը իտալական խոհանոցը եւս շատ է հավանել։ «Քաշ եմ գցել, ակտիվ հանգիստ էր, ամբողջ օրը ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն կար»,- ասաց նա։ Շոպինգի ժամանակ եւս մնաց, բայց նախարարը չհասցրեց ծախսել ամբողջ գումարը, «խոշոր զեղչերի սեզոն էր Եվրոպայում բայց ես չեմ սիրում ամբողջությամբ գումարը ծախսել»։ Թե ինչքան գումար է ծախսել Կրթության եւ գիտության նախարարը ընտանիքի իտալական հանգստի համար, նա նշեց հետեւյալը. «Հանգստյան իրավունքը իմ սահմանադրական իրավունքն է, եւ իմ ամբողջ ֆինանսական ծախսերը թափանցիկ ներկայացված են  իմ եկամուտների հայտարարագրում։ Հազարավոր հայերի տեսնելով արտերկրներում՝ կարծում եմ նախարարը հազարավոր հայերից մեկն է այնտեղ»։ Արմեն Աշոտյանը շեշտեց նաեւ, որ Իտալիայում նախարարական շռայլություններ թույլ չի տվել, հասարակ հայ զբոսաշրջիկ էր։

Նախարարի խոսքով՝  արձակուրդն այն երջանիկ ժամանակահատվածն է, երբ կարող ես ամբողջ օրդ նվիրել ընտանիքիդ, իսկ ընտանեկան հոգսերը հաճելի են լինում։ Թե որտեղ կմեկնի նախարարն հաջորդ տարի, առայժմ չի որոշել,  սովորաբար վերջին պահին է կազմակերպում հանգիստը կամ էլ շատ ավելի վաղ, այդ ժամանակ լավ առաջարկություններ, մատչելի ուղեգրեր են լինում։