Դեղին համարների փոխարեն նախատեսված ինքնակպչուն ներդիրները «ինքնակպչել» են տաքսու վարորդների հիշողությանը: Այդ թեմայով ամեն հայտարարություն նրանք մտապահում են արձանագրային ճշտությամբ: Լավ հիշողությունն է, որ նրանց համար խնդիրներ է ստեղծել:

Մարտի վերջին ցույց անող տաքսիստներին այցելել էր տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նոր կարգը տաքսիստներին ներկայացրել էին այնպես, կարծես այն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից: Հենց այդ օրվանից պիտի սկսվեր անցումային շրջանը, երբ մեկ պատուհանի սկզբունքով դեղին համարը կարելի էր փոխարինել ինքնակպչուն ներդիրով, իսկ լիցենզիաները ստանալ՝ նոր կարգով (նվազագույն ժամկետը կկրճատվեր մեկ տարուց մինչեւ մեկ ամիս, իսկ լիցենզիայի երկու վճարումը՝ միանվագ եւ ամսական, կմիավորվեին):

Սակայն հիշյալ օրենքը այդ պահին դեռ չէր անցել կառավարության հավանությունը,  առավել եւս՝ ԱԺ-ի հաստատումը: «Վարորդները, ընդունելով այդ խոսքերը, ապրիլի 1-ից սկսեցին ներկայանալ Տրանսպորտի նախարարության «Մեկ պատուհան» ծառայություն՝ խնդրելով տրամադրել կպչուն ներդիրներ: Նախարարությունում էլ չգիտեն՝ ինչ պատասխանեն. ոչ այն է՝ ասեն, թե նախարարը նման բան չէր ասել, ոչ էլ այն է՝ հակադրվեն նախարարի ասածին», - նշել է Գ. Դոստուրյանը:

Փորձեցինք ինքներս ներկայանալ «մեկ պատուհան» եւ տեղեկանալ՝ ինչպես դիմում գրել նոր ներդիր ստանալու համար: Ի պատասխան՝ նախարարության աշխատակիցը մեզ պատասխանեց, որ դեռեւս գործում է հին՝ դեղին համարներով կարգը: Բայց այդ դեպքում գուցե իմա՞ստ ունի կողմնորոշիչ հայտարարությամբ հանդես գալ: Որպեսզի օրենքը չլռի:

Դրան գումարած՝ եթե մինչեւ վերջին ժամանակները Ճանապարհային ոստիկանությունը՝ Տրանսպորտի նախարարության աշխատակիցների հետ համատեղ, գոնե մեկ-մեկ կանգնացնում էր ապօրինի (սպիտակ համարներով) տաքսի մեքենաներին, ապա հիմա դա էլ չի անում: Այդպիսի մեղմ մոտեցումը երկդիմի է. մի ձեռքով օգնում են «սպիտակներին» հաց վաստակել, մյուսով՝ դեղինների հացից պանիրն են հանում:

Նշենք, որ մարտի 28-ին կառավարությունը պիտի ընդուներ տաքսիների լիցենզիայի նոր ձեւն ու տրամադրման կարգը: Սակայն կառավարության կայքէջում այդ որոշումը հրապարակված չէ: Ընդունված չեն ո՛չ «Տաքսիների լիցենզավորման կարգի մասին» օրենքը, ո՛չ էլ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից կազմված հարակից փաթեթը, ներառյալ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենգրքում փոփոխություններն ու լրացումները՝ թե՛ հաշվիչի, թե՛ նույն  ինքնակպչունի բացակայության համար: Այսինքն, հետագայում դեռ սպասվում են նոր փոփոխություններ:

Կոնֆուցիոսի անեծքը՝ «Ապրի՛ր փոփոխությունների դարաշրջանում», վարորդների տխուր  փորձն է: Թեկուզ «դարի» շեմը դեռ չեն հատել, բայց  այս մի քանի տարին էլ բավական էր, որ համակվեն օրենքի նկատմամբ  խրոնիկ անհանգստությամբ: