Հայաստանում գենդերային հավասարության մասին օրենքը միշտ էլ օրակարգային է եղել: Նման օրենքի ընդունումը չէր խանգարի, սակայն, ցավոք, «գենդեր» հասկացությունը աստիճանաբար փոխում է իր իրական նշանակությունը: Այս մասին օգոստոսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գենդերային հավասարության մասին օրենքի ընդունմանը:

Նրա խոսքով՝ գենդերը կնոջ եւ տղամարդու տարբերությունն է՝ սոցիալական ընկալման առումով: Նա նշել է, որ օրենքում պետք է բացակայի «ձեռքբերովի» գենդեր հասկացությունը՝ մտահոգություն հայտնելով նաեւ երեխաների համար: Հրապարակախոսն ընդգծել է, որ հայ հասարակությունը բարդ ընտրության առաջ է՝ ընտրել կյանք, հետեւողականություն, թե հակառակը, քանի որ հենց կնոջ եւ տղամարդու առողջ հարաբերությունների արդյունքում է ընտանիք ստեղծվում:

«Օրենքները մեծազդեցություն ունեն սոցիալական մշակույթի վրա: Ուստի վերոհիշյալ օրենքի թիրախը հենց ընտանիք հասկացության վերացումն է, իսկ դա վտանգավոր է»,-հայտարարել է Կարինե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների եւ իրավունքների մասին: Օրինագծի երրորդ հոդվածը սոցիալական կայքերում եւ հասարակության շրջանում բուռն քննարկումների առարկա էր դարձել: