Ամբողջ աշխարհին ցնցել է շան պատմությունը, որը վերադարձել է Ամուրի մարզի ջրածածկ թաղամաս` հսկելու տերերի տունը: Դրուժոկ անունով շունը Վլադիմիրովկա գյուղում ամբողջ գիշեր մնացել է ջրի մեջ`ջրածածկ տան մուտքի մոտ:
Դրուժոկի լուսանկարները հազարավոր մեկնաբանություններ են հավաքել սոցցանցերում: Լուսանկարները հրապարակել են համաշխարհային խոշորագույն գործակալությունները: Դրուժոկի տիրուհին պատմել է, որ տարհանումից մի քանի օր անց շունը կորել է: Նրան գտել են տան մոտ: Մինչեւ պարանոցը ջրում գտնվող շունն անգամ փրկարարներին մոտ չի թողել, գրում է vesti.ru-ն:
Ռուսական Հեռավոր Արեւելքում, ըստ ԱԻՆ-ի, ջրհեղեղների գոտում է հայտնվել ավելի քան 33 հազար մարդ: Նրանց կեսից ավելին ժամանակավոր կացարաններում են գտնվում: Վեց հազարից ավելի տներ ջրածածկ են: ՌԴ ԱԻՆ-ը եւ պաշտպանության նախարարությունը ակտիվ օգնություն են ցուցաբերում տուժած շրջաններին: Ներգրավվել է նաեւ ավիացիան: Ամուրի մարզի հարավում շարժական հոսպիտալ է գործարկվել:




























