Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի: Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 20-ի դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին: 2.5 միլիոն քառ. մետրից 1 միլիոն 67500 քառ. մետր ծավալով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ կամ մասնակի նորոգման, պահպանման, ինչպես նաեւ նախկինում հողային պաստառով որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուրջ 95 տոկոսով ավարտված են:
Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ փողոցներում նորերով են փոխարինվել նաեւ վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երեւան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ:





























