Օգոստոսի 20-ին իսլամական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության ժամանակավոր նոր ղեկավար է նշանակվել Մահմուդ Էզատը: Նրա նշանակումը հաջորդել է Եգիպտոսում «եղբայրների» գերագույն գաղափարական առաջնորդ 70-ամյա Մուհամեդ Բադիայի կալանավորմանը, որը ներկայումս գտնվում է Կահիրեի «Թորա» բանտում:
Հիշեցնենք, որ Բադիան կալանավորվել էր Կահիրեի հյուսիս-արեւելքում` Մադինատ Նասր թաղամասում:
Օգոստոսի 17-ին` ուրբաթ օրվա բախումների ընթացքում սպանվել էր Բադիայի որդին` 37-ամյա Oմարը:
Եգիպտոսի հիմնական օրենքի նոր խմբագրված տարբերակում, որի նախագիծը շուտով պետք է հրապարակվի, կարող է կրոնական սկզբունքների վրա հիմնված քաղաքական կուսակցություններ ստեղծելն արգելող կետ հայտնվել: «Մահմեդական եղբայրներին» ցրելու առաջարկով արդեն հանդես է եկել Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին:
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է «Մահմեդական եղբայրների» հազարից ավելի կողմնակիցների ձերբակալությունների մասին, որոնք խռովությունների հրահրողներն են եղել: Նրանցից 250-ին կարող է մեղադրանք առաջադրվել «խաղաղ քաղաքացիների վրա հարձակման, ծրագրված սպանությունների եւ ահաբեկչական գործունեության» համար:





























