Բելգիայի հարավային Բինշ քաղաքի կենտրոնում  կենգուրու են բռնել: Բինշի ոստիկանության փրկարար ծառայությունը օգոստոսի 19-ի ուշ երեկոյան հեռախոսազանգերի մի ամբողջ շարան է ստացել ցնցված քաղաքացիներից, որոնք տեսել են մասնավոր սիզամարգում հանդարտ արածող հազվագյուտ կենդանուն:

Տեղական ոստիկանությունը նման արտասովոր«իրավախախտին» բռնելու սարքավորում չի ունեցել, ստիպված են եղել դիմել Շարլերուա մարզկենտրոնի իրենց գործընկերների օգնությանը, որոնք կարողացել են բռնել կենդանուն եւ  վերջինիս  հասցնել տեղի կենդանաբանական այգի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով RTBF հեռուստաալիքը:

Ոստիկանությունը չի կարողացել պարզել, թե որտեղից է հայտնվել կենդանին, համենայն դեպս, գրանցված  ոչ մի բնապահպանական կառույց կենգուրուի անհետացման մասին չի հայտարարել: