ԱՄՆ-ում դատարանը գաղտնազերծել է բժշկի ցուցմունքները Բոսթոնի ահաբեկչության հավանական իրագործողներից Ջոհար Ցարնայեւի` կալանքի ընթացքում ստացած վերքերի մասին, ասվում է ՌԱՊՍԻ-ի տրամադրության տակ եղած դատավարության նյութերում:
Ըստ Բոսթոնի Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի բժիշկ Սթիվեն Ռեյ Օդոմի ցուցմունքի` Ցարնաեւը մի քանի «հրազենային վերք է ունեցել», որոնցից ամենածանրը եղել է փամփուշտից ստացած դիմածնոտային ներքին վնասվածքը, որն էլ «հանգեցրել էր գանգի կոտրվածքի եւ միջին ականջի վնասվածքների»: Ցարնաեւի մոտ ախտորոշվել են նաեւ աչքի, ձախ ձեռքի ոսկորների կոտրվածքներ, ասված է փաստաթղթում: Բուժման ընթացքում Ցարնաեւին տվել են ցավազրկողներ: Ըստ բժշկի ցուցմունքների` Ցարնաեւը, չնայած իր վիճակին, գիտակցել է, թե որտեղ է ինքը գտնվում, եւ ի վիճակի է եղել հարցերին բանավոր պատասխանելու:
Հիշեցնենք, որ Բոսթոնում ապրիլի 15-ին միջազգային մարաթոնի եզրափակչին երկու պայթյուն էր տեղի ունեցել: Զոհվել էր երեք մարդ: Ահաբեկչության ենթադրյալ իրագործողներից էր Թամերլան Ցարնայեւը, որն սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ նրա կրտսեր եղբայր Ջոհարը կալանավորվել էր:




























