Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Ավազի հանքի մոտակայքում, օգոստոսի 19-ին 267 համարի երթուղայինի կողաշրջվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Կոտայքի բաժնից:

Այդ հոդվածով սահմանվում է երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ. պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով: Գործի շրջանակներում, որպես վկա, արդեն հարցաքննվել է մեքենայի վարորդ 45-ամյա Սարգիս Մայիսի Գրիգորյանը: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, օրինակ` դատավտոտեխնիկական փորձաքննություն, եթե դրանով ապացուցվի վարորդի մեղավորությունը, ապա նրան մեղադրանք կառաջադրվի:

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից հաջողվեց  ճշտել մի շարք այլ մանրամասներ:  Այսպես, մեջ հաջողվեց պարզել, որ մեքենան Երեւան-Աբովյան-Ակունք երթուղին սպասարկող թիվ 267 երթուղայիններից էր, իսկ այդ երթուղին իրականացնում է «Սմարթ Սոֆթ» ՍՊԸ-ն: Վթարի ենթարկված Ford Transit-ը պատկանում էր Սարգիս Գրիգորյանի ընկերոջը, ով գնացել էր Ռուսաստան եւ մեքենան տվել էր վերջինիս: Իսկ նա որոշել էր այն վարել «գծի մեջ» եւ մի քիչ գումար վաստակել: Մի քանի օր վարելուց հետո, պարզվել էր, որ մեքենան անսարք էր, եւ մոտ երկու ամիս մեքենան կանգնել էր,այնուհետեւ` վերանորոգել էին այն: Վերանորոգումից հետո առաջին անգամ Սարգիս Գրիգորյանը մեքենան վարել է հենց դեպքի օրը, բայց ոչ թե այն վարել է որպես 267 համարի երթուղային, այլ պարզապես իր ընկերոջ կոլեկտիվին տարել էր Սեւան` հանգստանալու: Ընկերոջ կոլեկտիվին Սեւան տանելու հաջորդ օրը վարորդը մտադիր էր «դուրս գալ գիծ»:

Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ մեքենայում հայտնաբերվել են գարեջրի, օղու շշեր, վարորդը ասել է, թե մի քանի բաժակ խմել է, բայց հետո քնել է, անցել է հարբածությունը եւ դեպքի ժամանակ եղել է սթափ վիճակում: Իսկ թե ինչպես է եղել դեպքը, ապա վարորդը իրավապահներին պատմել է, թե ետեւից մի մեքենա ազդանշան էր տալիս, ճանապարհ էր խնդրում, ինքը նայել է հայելու մեջ, եւ այդ ընթացքում դիմացով հարվածել «բորդյուրին»: Մահացել են այն անձինք, որոնք առաջին հարվածներն են ստացել գլորվելու ընթացքում:

Ի դեպ, մեքենայի վարորդը ամուսնացած է, ունի մեկ տղա, նա Ակունք գյուղից է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին`  երեկոյան, Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։  Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել: Վթարի հետեւանքով մահացել էր 3  հոգի, վիրավորվել 13-ը;

Մահացածներից երկու ամուսիններ են: Մեքենայում եղել է  5 ընտանիք, այդ թվում` 5 երեխա: Վիրավոր անձինք գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներում, ինչպես նաեւ Աբովյանի հիվանդանոցում: