«Երեւանյան ամառ» ծրագրով անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում իրականացված աշխատանքների մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ օգոստոսի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 1548 քաղաքացի, որոնցից 470-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ակցիայի շրջանակում նախատեսված բուժօգնության տարբեր ուղղություններով տասնյակ քաղաքացիներ ուղեգրվել են վիրահատության, որոնցից 16-ն արդեն վիրահատվել է:
«Մեր կողմից այս ակցիայի անցկացումը նպատակ ունի որոշակիորեն օժանդակելու հատկապես սոցիալապես խոցելի մեր համաքաղաքացիների առողջական խնդիրների կարգավորմանը: Թեեւ ակցիան ավարտվում է օգոստոսի 31-ին, բայց դա չի նշանակում, որ արդեն իսկ ուղեգրված քաղաքացիները համապատասխան բուժօգնությունը չեն ստանալու: Ուստի, խստորեն հետեւեք, որպեսզի մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ակցիայի շրջանակում կդիմեն համապատասխան բուժօգնություն ստանալու համար եւ կուղեգրվեն նեղ մասնագիտական բուժզննման կամ վիրահատության, անպայման ստանան անհրաժեշտ բուժօգնությունը», - ընգծել է Տարոն Մարգարյանը:
«Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են նաեւ մշակութային միջոցառումները: Զեկուցվել է, որ վարչական շրջանների զբոսայգիներում եւ հանգստի գոտիներում կազմակերպվող միջոցառումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 31-ը:





























