Հայաստանի սփյուռքի նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի ութերորդ՝ եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ծրագրի մասնակիցների, նախարարության եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել երեխաների ծնողներին, ուսուցիչներին, կազմակերպիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարեւորել է նրանց դերը «Արի տուն»  ծրագրի կայացման գործում:

Դիմելով արիտունցիներին՝ նախարարը հորդորել է լավ սովորել, առաջինը, ամենալավը լինել, շատ գիտելիք ունենալ ու լավ մարդ դառնալ:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է սիրիահայ պատանի մարզիկ, լողորդ, 10 ոսկե մեդալի ասպետ Սերլին Մուշեղյանին: Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին Սերլինը մասնակցում էր Սիրիայի հավաքականի կազմում եւ 5 ոսկի մեդալ է նվաճել: Սերլինը մասնակցելու է «Արի տուն» ծրագրի ութերորդ փուլին:

Ծրագրի մասնակիցներին ողջունել են նաեւ հյուրընկալ ընտանիքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ելույթ են ունեցել նաեւ ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք հանդես են եկել հայրենասիրական երգերով ու ասմունքով:

Ծրագրի այս փուլին մասնակցում է շուրջ 150 պատանի եւ երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից: 

«Արի տուն» ծրագրի նախորդ յոթ փուլերով Հայաստան է ժամանել 800-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից: