Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադեւոսյանի եւ Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Բ. Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին Աշտարակ քաղաքի իրենց տան օժանդակ շինությունից ապօրինի ձեռք է բերել հանգուցյալ հորը` Գ. Գալստյանին պատկանող, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված մարտական 8 փամփուշտներով ու պահել իր մոտ:
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Բ. Գալստյանը, ապօրինի կրելով ռազմամթերք հանդիսացող վերը նշված ատրճանակը, 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախ գետի ափամերձ տարածքում էլեկտրական հոսանքի լար անցկացնելու հարցի շուրջ վիճաբանել է Վ. Ամիրյանի հետ:
Այդ պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանը եւ փորձել կարգի հրավիրել Գալստյանին: Ապա՝ վերջինիս գոտկատեղին նկատելով ատրճանակը՝ Հ. Սիլիզյանը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով վերցրել է այն։
Ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից` Հ. Սիլիզյանը պարզաբանել է ատրճանակն իրավապահ մարմիններին հանձնելու նրա պարտականության մասին, սակայն Բ. Գալստյանը հետ է պահանջել ատրճանակը եւ մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հ. Սիլիզյանի նկատմամբ՝ քաշքշելով ու հարվածելով նրան:
Միջադեպը շարունակվել է Հ. Սիլիզյանի տնամերձ հողամասում։ Քրեական գործի նյութերի համաձայն, տեղեկանալով կատարվածի մասին, Բ. Գալստյանի ազգական Ռ. Թադեւոսյանն ու նրա ընկեր Ա. Մուրադյանը գնացել են Հ. Սիլիզյանի հետեւից եւ վիճաբանել նրա հետ՝ այդ ընթացքում կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Հ. Սիլիզյանի եւ վերջինիս հոր նկատմամբ։
Բ. Գալստյանը, Ռ. Թադեւոսյանը եւ Ա. Մուրադյանը հեռացել են միայն այն բանից հետո, երբ Հ. Սիլիզյանին հաջողվել է զանգահարել վերադասին եւ զեկուցել կատարվածի մասին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռ. Թադեւոսյանին եւ Ա. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





























