Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Եգիպտոսի իրադարձությունների հետեւում  Իսրայելն է կանգնած եւ դա ապացուցող փաստաթղթեր կան իրենց ձեռքում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է եգիպտական իրադարձություններից՝ դրանցում մեղավոր համարելով Իսրայելին, ինչպես նաեւ քննադատել Սաուդիան Արաբիային։

«Ո՞վ է Եգիպտոսի դեպքերի հետեւում։ Իհարկե, Իսրայելը, քանի որ, մեր ձեռքում կան փաստաթղթեր»,-ասել է Էրդողանը՝ առանց անուն նշելու քննադատել Սաուդիան Արաբիային, որը հայտնել էր Եգիպտոսին ցանկացած տեսակի աջակցություն հայտնելու մասին։

Էրդողանը դիմել է նաեւ Եգիպտոսի բանակի հավատացյալ զինվորներին՝ հարցնելով, թե ինչպե՞ս են նրանք զենք ուղղում «Մուսուլման եղբայրների» դեմ, ինչպե՞ս են նրանց ռմբահարում։