Pussy Riot փանք խմբի անդամ Եկատերինա Սամուցեւիչը, որը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Քրիստոս Ամենափրկչի տաճարում ելույթի համար, դատի է տվել իր նախկին փաստաբան Վիոլետա Վոլկովային: Սամուցեւիչը 2 միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջում:
Հայցի առիթ են դարձել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում եւ անձնական բլոգերում Վոլկովայի հրապարակումները, որոնցում վերջինս, ըստ Սամուցեւիչի, տարածում է «իրականությանը չհամապատասխանող վիրավորական տեղեկություններ, որոնք բացասաբար են բնութագրում իրեն եւ վարկաբեկում »: Տվյալ քաղաքացիական գործով նախնական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 19-ին, հայտնում է «Նովայա պոլիտիկան»:
Վոլկովան իր նախկին պաշտպանյալի հայտը հերթական PR-ն է համարում: «Երեւի փողերն են վերջացել, կամ էլ ուրիշ բան, սակայն այդ գործողությունները Սամուցեւիչի հեղինակությանը պլյուսներ չեն ավելացնի» – հայտնել է փաստաբանը: «Ինչքան ինքն է իրեն վարկաբեկել, այլեւս ոչ ոք չի կարող դա անել», – հավելել է նա: Վոլկովան նաեւ նշել է, որ կգա դատական նիստին, քանի որ «հետաքրքիր է` ինչ կասի Սամուցեւիչը, եւ ինչու է իրեն այդքան թանկ գնահատել»:
«Ինտերֆաքսը» հայտնել է, որ Սամուցեւիչը փոխհատուցում է պահանջում ոչ միայն Վոլկովայից, այլեւ մյուս երկու փաստաբաններից նույնպես` Նիկոլայ Պոլոզովից եւ Մարկ Ֆեյգինից: Ըստ նրա` «հայտը միջոց է կանխելու փաստաբանների հետագա վիրավորանքները»:





























