Մի կին օգոստոսի 17-ին, ժամը 11.35-ին, ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանի պատշգամբում հայտնաբերել է զոհված ամուսնուն պատկանող փամփուշտները եւ ատրճանակը:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին կինը մատնացույց է արել պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել եւ առգրավվել են «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 5, ինքնաձիգի`7,62 եւ 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ-386» նռնակի պայթուցիչ եւ մեկ ինքնաշեն ատրճանակ` առանց զարկանային մեխանիզմի:
Կինը բացատրություն է տվել, որ դրանք հայտնաբերել է պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, եւ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնուն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























