Գերմանիայի բնակիչների համար սովորական հեծանիվների գները միանգամայն ընդունելի են: Մայրաքաղաք Բեռլինի առեւտրային ցանցերից մեկում, օրինակ, մանկական հեծանիվն արժե 119 եվրո, ավելի մեծերինը`169-199 եվրո, էլեկտրաշարժիչով եւ ուժակուտակիչով հեծանիվները` 699 եվրո:
Օգտագործված հեծանիվներ կարելի է ձեռք բերել մոտ հիսուն եվրոյով:
Մեծամասամբ էլեկտրաշարժիչներն օգտագործում են բարձրադիր տեղանքը հաղթահարելու համար, եւ հիմնականում այն անձինք, որոնց խորհուրդ չի տրվում ֆիզիկական ջանք գործադրել:
Շատ հեծանիվներ ունեն փոխանցման տուփ, որը հնարավորություն է տալիս համեմատաբար հեշտ հաղթահարել կտրուկ վերելքները:
Գերմանական քաղաքների փողոցներում հաճախ կարելի է հանդիպել հեծանիվներով շրջող ընտանիքների:
Ավտոմեքենաների վարորդների օրինակելի կարգուկանոնը երաշխավորում է հեծանվորդների անվտանգությունը: Հեծանվորդներն էլ իրենց հերթին` մեծից փոքր, խստորեն պահպանում են երթեւեկության կանոնները: Նույնը վերաբերում է նաեւ հետիոտնին…
Եթե Բեռլինի քաղաքային տրանսպորտը ներկայացնենք միասնական համակարգով, ապա հեծանիվները դրանում ոչ պակաս կարեւոր դեր կունենան:
Հեծանիվների լայն կիրառությունը թույլ է տալիս զգալի կրճատել ճանապարհների գերծանրաբեռնվածությունը:
Գերմանիայի ընդհանուր ուղեւորափոխադրումներում հեծանվի մասնաբաժինը կազմում է 13%, այսինքն` մեկ տասներորդից ավելի: Հեծանիվ վարելը նաեւ հիանալի զբաղմունք է եւ ֆիզիկական մարզում:
Տասը տարի առաջ Բեռլինում հանդես եկան հեծանվային երթեւեկությունը զարգացնելու նախաձեռնությամբ: Պաշտոնապես ընդունվեց, որ հեծանիվը` որպես փոխադրամիջոց, ավտոմեքենաների ու հասարակական տրանսպորտի չափ կարեւոր է: Նորոգվեցին առկա հեծանվուղիները, ստեղծվեցին նորերը: Շատ ճանապարհներ ամբողջությամբ հատկացվեցին հեծանվորդներին, տեղադրվեցին համապատասխան նշաններ ու ցուցանակներ: Այժմ Բեռլինում հեծանվուղիների երկարությունը 620 կմ է:
Իսկ թե այս առումով ինչ վիճակում է մեր մայրաքաղաքը, հայտնի է բոլորին: Ընթացիկ տարում Երեւանի քաղաքապետարանը որոշել էր ուշադրություն հատկացնել տրանսպորտային միջոցի այդ տարբերակին, սակայն ամեն ինչ սահմանափակվեց ձեւական միջոցառումներով. հեծանվուղիների անորակ գծանշումներ… երեք կմ-ից էլ քիչ երկարությամբ:
Սմբատ Գրիգորյան





























