Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 20-ին,  հանդիպման էր հրավիրել   «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանը նախ  հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իրենց դիմումը, իսկ այնուհետ  այն փոխանցել նախարար Արմեն Աշոտյանին: Դիմումում մասնավորապես նշվում է, որ  «Ներազգային ազատագրական շարժումը» պահանջում է` կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների բարձրացում:  Ըստ դիմումատուների՝  որոշումը բավարար հիմնավորվածություն չունի եւ  սոցիալական իրավիճակի հետ կապված` բավական մտահոգիչ է: Պարզաբանելով բարձրացված հարցը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշել է, որ երիտասարդները մեկշաբաթյա ժամկետում կստանան գրավոր հանգամանալի պատասխան, ինչպես նաեւ նշել, որ նամակում արծարծված  խնդիրներն ուղղակիորեն ածանցվում եւ փոխկապակցվում են  երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ:

«Ուսման վարձերի թանկացման  որոշումը կայացվել է բուհերի կողմից: Պետք է նշել, որ  մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել: Բայց հարկ է նաեւ անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: 2011 թվականին բուհեըը ընդամնեը 20 տոկոսով են կատարել ընդունելություն, քանի որ  ավագ դպրոցի բարեփոխման ծրագրի ներդրմամբ պայմանավորված շրջանավարտներ չկային: Բացի այդ, այս տարի նույնպես ունեցել ենք ուսանողների թերհամալրում, մենք ունենք բավական շատ թափուր տեղեր: Մյուս կողմից բավական մեծ եւ  ուռճացված են նաեւ բուհերի պրոֆեսորա-դասախոսական եւ սպասարկման անձնակազմերը, իսկ մենք  երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից` հաշվի առնելով սոցիալական խնդիրները: Սակայն  այսօր եկել է  համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակը: Եթե մենք այսօր չկարողանանք կտրուկ եւ լուրջ քայլեր իրականացնել, մոտ ապագայում կրթության համակարգը լուրջ խնդիրներ է ունենալու»,- մեկնաբանելով հրապարակված բաց նամակը՝ նշել է  Ա. Աշոտյանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ պետությունը  պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն եւ արդյունավետ սոցիալական փաթեթ: «Ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձավճարի պատճառով ուսանելու հնարավորությունից չի զրկվի: Սա կառավարության կողմից առաջադրված  քաղաքական մոտեցումն է»,- շեշտել է  նախարարը: 

Երիտասարդները առաջարկ են ներկայացրել բուհերին հարկային արտոնություն տալու վերաբերյալ, ինչը նրանց կարծիքով հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհերը վերանայեն բարձրացված վարձավճարները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանել է, որ թեեւ Հայաստանի առաջատար բուհերը, որպես կանոն ընդգրկված են լինում հանրապետությոն 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն նրանց հարկային վճարումների կառուցվածքում  մեծ տեղ են գրավում սոցիալական վճարները` շուրջ 80 տոկոս: «Բուհերն ազատված են ավելացված արժեքի հարկից, հողի եւ գույքի հարկից, իսկ սոցվճարները շատ են, քանի որ նրանք ունեն մեծաթիվ աշխատակազմ` միջինից   բարձր աշխատավարձով, ինչից էլ գոյանում են սոցվճարների մեծ գումարները: Իսկ սոցվճարը դա այն գանձումն է, որը հնարավոր չէ   չիրականացնել, քանի որ այդ գումարների հաշվին այդ նույն  մարդիկ հետագայում կենսաթոշակ են ստանում»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ  պատրաստ է խնդիրը նորից քննարկել, եթե   առաջարկվեն արդյունավետ լուծումների  տարբերակներ: