Մանկատանը մեծացող երեխաներից շատերը ունեն ծնողներ, սական նրանց մի մասը տարիներ շարունակ չի այցելում երեխաներին: Օրինակ, 10 տարի առաջ ամուսնալուծությունից հետո 4 երեխաներին Գավառի մանկատուն հանձնած ամուսինները այս տարիների ընթացքում, երբեւէ չեն այցելել երեխաներին, թեեւ ապրում են Երեւանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Նա պատմեց, որ ամուսինները ամուսնալուծությունից հետո նոր ընտանիքներ են կազմել եւ երեխաներ ունեն: Իսկ երեխաններն էլ իրենց հերթին չեն ներել ծնողներին եւ նրանց հետ հանդիպելու ցանկություն, ձգտում չունեն: «Երկուսը արդեն չափահաս են: Մեկը բանակից վերադարձել է եւ ոստիկանական համակարգում է աշխատում: Իսկ աղջիկը  Գավառի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետում է սովորում: Մյուս երկու երեխաներն էլ դեռ դպրոցական են, որոնց Ֆրանսիա ենք ուղարկել հանգստանալու»,- պատմեց Նիկոլայ Նալբանդյանը: 

Հարցին, թե երեխաները ինչ երազանք ունեն, Նիկոլայ Նալբանդյանը արձագանքեց. «Երեխաները սիրով են միմյանց հետ, ուշադիր, ձգտում ունեն: Մի հարկի տակ ապրելու երազանք ունեն: Երկուսը արդեն չափահաս են դարձել, մյուս երկուսն էլ են շուտով չափահաս դառնալու, սակայն տանիք չունեն: Նրանց մի հարկի տակ ապրելու համար տանիք է պակասում, իսկ կայանալու ձգտումներ, փառք Աստծո, ունեն»: