Կրակոցների հերթական դեպքն է տեղի ունեցել ամերիկյան դպրոցներից մեկում։ Միջադեպը կատարվել է Ջեքեյթեր (Ջորջիա նահանգ) քաղաքի տարրական դպրոցում։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ պարզվել է, որ կրակոցների հեղինակ 20-ամյա Մայքլ Բրենդոն Հիլլը հինգ ամիս առաջ կալանավորվել էր «հնարավոր ահաբեկչության սպառնալիքի» կասկածանքով։
Տեղի լրատվամիջոցների տվյալով՝ կալանքից հետո նա գտնվել էր փորձնաժամկետում եւ «զայրույթը կառավարելու» կուրսեր անցել։
Օգոստոսի 20-ի ցերեկը ամբողջովին սեւ հագած սպիտակամորթ մի տղամարդ մտել է ուսումնական հաստատության շենք, որտեղ հիմնականում սովորում են սեւամորթների երեխաները: Այնտեղ նա պատանդ է վերցրել մի քանի ուսուցիչների, փակվել սենյակներից մեկում եւ խնդրել ոստիկանություն կանչել:
Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տղամարդը նրանց վրա կրակել է Կալաշնիկով ինքնաձիգից: Սպաները նույնպես սկսել են կրակել, որից հետո հանցագործը հանձնվել է եւ կալանավորվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի ոստիկանապետին:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղական WSB TV հեռուստաալիքը, հայտնում է, որ հանցագործն օդ է կրակել: Տարրական դպրոցի աշակերտները տարհանվել էին դպրոցից, երբ ոստիկանությունը լուր էր ստացել կրակոցների մասին: Միջադեպի հետեւանքով երեխաներից եւ դպրոցի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Հաղորդվում է, որ բացի Կալաշնիկով ինքնաձիգից, Հիլի մոտ եղել է նաեւ այլ զենք., սակայն տեսակը չի նշվում: Ոստիկանությունը խուզարկել է ձերբակալվածի տունը եւ մեքենան, որտեղ ըստ ոստիկանների, կարող էր պայթուցիկ լինել:
AP-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մեղադրանք են ներկայացրել երիտասարդին: Մայքլ Բրենդոն Հիլը մեղադրվում է ոստիկանության սպայի վրա հարձակման, ահաբեկչական սպառնալիքի եւ ապօրինի զենքի պահելու մեջ:




























