Լիբանանյան դատախազությունը 13 մարդու մեղադրել է Turkish Airlines ավիաընկերության երկու օդաչուների առեւանգելու կապակցությամբ: Մեղադրյալների մեծ մասը ավելի վաղ Սիրիայում առեւանգված լիբանանցիների բարեկամներն են:

Ինչպես հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան», Լիբանանի իշխանությունների բանակցություններն առեւանգիչների հետ տապալվել էին: Խմբավորման հայտարարությունում նշվում է, որ օդաչուներն այնքան ժամանակ պատանդ կմնան, «քանի դեռ 2012-ի մայիսին Սիրիայում առեւանգված իրենց եղբայրները չեն ազատվել: Նրանց ճակատագրի համար ուղղակիորեն պատասխանատու է Թուրքիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու թուրք օդաչուների առեւանգման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել լիբանանյան «Զուվար ալ-իմամ Ռիդա» խմբավորումը: Պատանդներին բաց թողնելու դիմաց նրանք պահանջում են, որպեսզի ազատ արձակվեն 2012-ի մայիսին Սիրիայում առեւանգված լիբանանցի շիա ուխտագնացները:

Հիշեցնենք, որ Turkish Airlines-ի երկու օդաչուներին առեւանգել էին օգոստոսի 8-ին:

Միջադեպից հետո թուրքական իշխանությունները կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը: