Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձնելու շուրջ նորություններ դեռ չկան, սակայն հարազատներին խոստացել են նորություններ լինելուն պես զանգահարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հակոբի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

Նա նշեց, որ հարազատները որոշ չափով միխիթարվել են նրա փոխանցած նամակից եւ նամակը ձեռքից ձեռք են փոխանցում: Նրանք չեն դադարեցնելու իրենց պայքարը մինչեւ Հակոբը չվերադարձվի հայրենիք: «Մեզ խոստացել են առաջիկայում կզանգեն: Սպասում ենք զանգին, որից հետո կհստակեցենք մեր քայլերը»,- ավելացրեց Արման Ինջիղուլյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ էր փոխանցել ընտանիքին: Արման Ինջիղուլյանը հայտնել էր, թե «Հակոբը նամակում գրել է, որ ինքը շատ լավ է, իրեն այնտեղ շատ լավ են վերբերվում; Հագուստ են տվել, բուժզննում է անցել: Իսկ վերջում գրել էր՝ ձեր սիրելի Հակոբ ջան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն երեկ Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն: