Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքի առեւտրային կենտրոնում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը հրշեջները կես ժամից էլ քիչ ժամանակահատվածում մարել էին, սակայն վերականգնողական աշխատանքները որոշ գործատերերի համար կարող են ամիսներ տեւել: Այս մասին տեղեկացնում է Burbank Leader-ը: Կրակն ու ծուխը վնաս են հասցրել բռնկման օջախի հարեւանությամբ գտնվող ինը օբյեկտներին: Հրդեհի պատճառները ճշտվում են: Ամենից շատ տուժեն են քիմմաքրման կետը եւ մանկական հագուստի խանութը:

«One Price Cleaners» քիմմաքրման կետի ղեկավար Նիկ Օհանյանը վնասը գնահատում է 300 հազար դոլար, վնասվել են խանութը եւ այնտեղի թանկարժեք սարքավորումները: Սակայն, ըստ Օհանյանի, իրենց բախտը բերել է, որ կրակը չի հասել չոր մաքրման մեքենաներում գտնվող 450 լ դյուրավառ նյութին:  Այլապես իր բիզնեսը «կպայթեր», ասել է նա: Չսպասելով վերանորոգմանը, որը կարող է տեւել վեց ամիս, Օհանյանը կարող է իր քիմմաքրումը տեղափոխել մոտակայքի այլ շինություն: Միաժամանակ  ծխահարված հագուստը կուղարկվի այլ քիմմաքրում եւ տերերին կվերադարձվի մի քանի շաբաթից:

«Lil Jewel’s» մանկական հագուստի սեփականատեր Յանա Ռոստոմյանը պատմել է, որ ինքը կարող է ժամանակավորապես տեղափոխվել, առավել եւս, որ ապահովագրական վնասը գնահատողները նախազգուշացրել էին, որ բիզնեսի վերականգնումը կարող է տեւել կես տարի: Ըստ Ռոստոմյանի՝ ինքը կորցրել է ողջ գույքագրումը:   «Ամբողջ սպիտակը շագանակագույն է դարձել»,– ասել է նա, հավելելով, որ մեծ մասն ապահովագրությունը չի փոխհատուցի: 

«Deluxe Pastries and Cakes»-ի սեփականատեր Ալինա Հարությունյանը պատմել է, որ իրենք ստիպված են եղել դեն նետել ամբողջ պատրաստածը, քանի որ այն ծխահարված է եղել, սակայն  իրենց օբյեկտը հաջորդ շաբաթվանից բաց կլինի: