Ամռան երեք ամիսների ընթացքում երկու անգամ տարբեր բարձր պաշտոններից ազատված Վահե Էլոյանը հարցազրույց չի տալիս: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր  նրան` փորձելով ճշտել, թե ինչն է պատճառը, որ աշխատանքի չի գնացել, ինչի արդյունքում էլ ազատվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի օգնականի պաշտոնից:

«Ես հարցազրույց չեմ տալիս, եւ հարցազրույցի հետ կապված բոլոր հարցերով, խնդրում եմ, ինձ մի անհանգստացրեք: Բոլոր հարցերի պատասխանները կսպասեք, օգոստոսի 30-ին կստանաք»,- ասաց Էլոյանը եւ անմիջապես անջատեց հեռախոսը` այդպես չբացահայտելով, թե ինչ պատճառով աշխատանքի չի գնացել:

Իսկ օգոստոսի 30-ին  կկայանա  Վահե Էլոյանն ընդդեմ Կառավարության գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ: Ի դեպ, Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում: Սկզբից հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, սակայն հետո պարզ դարձավ, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի, նշանակվել էր նախարարի օգնական:  Օգնական նշանակվելուց հետո, սակայն, Վահե Էլոյանը չի ներկայացել աշխատանքի եւ չի անցել աշխատանքային պարտականությունների կատարմանը, բայց երբեմն երեւացել է շենքի մոտ, եղել է նաեւ առաջին հարկում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, բայց վերեւ չի բարձրացել, աշխատասենյակ չի մտել:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանն ասել էր, որ  նախարարության աշխատակազմից երկու անգամ գրություն է ուղարկվել նրան` խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր բացակայությունների վերաբերյալ, բայց այդ գրություններն այդպես էլ մնացել են անպատասխան: «Հետեւաբար` աշխատանքային օրենսգրքի համապատասխան օրենքի համապատասխան կետով օգոստոսի 7-ին նրան ազատել են աշխատանքից, ինչի մասին եւս պաշտոնապես ծանուցվել է Վահե Էլոյանին` նշելով , թե ինչ հիմքերով է ազատվել»,- նշել էր նա: