Թե Հայաստանի ապաշրջափակման, թե Հայաստանի ու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների առումներով  Թուրքիայի իշխանությունների մոտեցումների փոփոխության մասին խոսելու ոչ մի հիմք չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Մեկնաբանելով Թուրքիայի երկաթուղային ճանապարհների Էրզրումի մարզային բաժանմունքի ղեկավար Յունուս Էշլիյուրթի հայտարարությունը, թե երկաթգծի վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսին եւ արագորեն առաջ են ընթանում, եւ մինչեւ տարվա վերջ կավարտվեն երկաթգծի վերանորոգման աշխատանքները Կարսից Աքյաքա, այսինքն մինչեւ Հայաստանի սահման, թուրքագետն ասել է. «Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ եւս այդ տրամաչափի պաշտոնյաների հայտարությունները հասկանալի քննարկումների առիթ դարձան թե՜ Հայաստանում, թե՜ նրա սահմաններից դուրս: Նախկինում էլ թե Կարսի, թե Տրապիզոնի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, թե տրանսպորտի ոլորտի այլ պատասխանատուներ հայտարարել են Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործման նպատակահարմարության մասին, որոնք առաջ բերեցին ամենատարբեր, հիմնականում ոգեւորիչ, տրամադրություններ»:

Ըստ Տեր-Մաթեւոսյանի, այս անգամ խոսքը գնում է մի հատվածի մասին, որի համար Էրզրումի տվյալ պաշտոնյան պատասխանատվություն չի կրում: «Եթե դա արվեր Կարսի իր գործընկերոջ կողմից, գուցե կարելի է մտածել ինչ-որ գործընթացների մասին: Բացի այդ, Կարս-Աքյաքա հատվածն առաջին անգամ չէ, որ վերանորոգվում է, այնպես ինչպես Հայաստանի Ախուրիկ երկաթգծի կայարանը եւ նրան հարակից երկաթուղային հատվածն էր վերազինվում երկու տարի առաջ: Թուրքիայի հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուները արդեն մի քանի տարի է մեծածավալ արդիականացման ծրագրեր են իրականացնում Թուրքիայի երկաթուղային հաղորդակցության ոլորտում, հետեւաբար, կատարվող վերանորոգման աշխատանքները հարկ է դիտել, որպես տեխնիկական վերազինման ծրագրի բաղադրիչ: Վերջին հաշվով շատ ավելի հեշտ է եղածը վերազինելը քան նորը կառուցելը: Վերոբերյալից արդեն կարելի է դատել, որ տեղի ունեցածը ոչինչ ընդհանուր չունի Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման գործընթացի հետ: Միակ սցենարը, որի շուրջ կարելի է մտորել  Հարավկովկասյան ինտեգրված երկաթգծային ցանցի ծրագիրն է, որի շուրջ Թուրքիան եւ Ռուսաստանը տեւական ժամանակ է ինչ քննարկումներ են տանում՝ մինչ այս պահը չունենալով շոշափելի առաջընթաց»,- նշել է թուրքագետը:

Հարցին, թե ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր իշխում թուրքական քաղաքական վերնախավում ՀՀ-ի հետ հարաբերությունների առնչությամբ, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատասխանել է. «Թե Հայաստանի ապաշրջափակման, թե Հայաստանի ու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների առումներով  Թուրքիայի իշխանությունների մոտեցումների փոփոխության մասին խոսելու ոչ մի հիմք չկա: Ավելին, ՀՀ դատախազի ելույթին հաջորդած Թուրքիայի իշխանությունների կոշտ եւ անհամաչափ արձագանքը, Թուրքիայի քաղաքացի հովիվի հետ կապված սահմանային միջադեպի վերաբերյալ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, Կուտկաշենում (Գաբալա) ԼՂ-ի հետ կապված Գյուլի հայտարարությունը հավելյալ դժվարություններ են ստեղծում դրական օրակարգի ձեւավորման եւ Թուրքիայի դիրքորոշման վերանայման համար»: