Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ երեք ակտիվիստների տեղափոխել էին ոստիկանական բաժին:
«Օգոստոսի 17-ի ժամը 22-ի սահմաններում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ հայտարարում ենք. Մեր աշխատակիցները որեւէ առնչություն չունեն տեղի ունեցածին։ Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը եւ Գոռ Առաքելյանը :
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը եւ Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին»:





























