Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ինքնաբացարկ է ներկայացրել ինքնառաջադրված, անկուսակցական թեկնածու Տիգրան Սարգսյանը:

Այսպիսով, այս պահի դրությամբ պատգամավորական մանդատի համար կպայքարեն 4 թեկնածու:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչեւ ս.թ. օգոստոսի 25-ը: