Լիտվայի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանում եւ Հունգարիայում դեսպանների վարքագիծը՝ դիվանագետներին վերագրվող աղմկահարույց ձայնագրության հրապարակման կապակցությամբ:
Օրակարգում է նաեւ դիվանագետների հեռախոսազրույցների անվտանգության հարցը, հաղորդում է 15min.lt-ը:
Հաննձաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկան նկատել է, թե նիստը գումարվել է, երբ ստացվել են ԱԳՆ Գլխավոր տեսչության եզրակացությունները:
Հուլիսի 8-ին YouTube-ում ձայնագրություն էր դրվել, որում նշվել է, թե խոսում են երկու դիվանագետներ: Ենթադրաբար զրուցում են ԱԳՆ «Արեւելյան համագործակցության» քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումետայտիսն ու Հունգարիայում դեսպանատան աշխատակից Ռենատաս Յուշկան: Նշվում է, որ զրույցը կայացել է ապրիլի 4-ին: Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, ԼՂՀ հետ բարեկամության խումբը:
Նույն օրը զետեղվել է Ադրբեջանում դեսպան Արթուրա Ժուրաուսկասի մասին տեսագրություն, որտեղ նա խոսում է Թուրքմենստանի մասին: Երկու դեպքում էլ դիվանագետները սկանդալային մի շարք հայտարարություններ են անում:





























