Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի զգոն լիներ եւ թույլ չտար ձեւակերպումներ, ինչպիսիք որ «Կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավունքների ու հնարավորությունների հավասարության մասին» օրենքի երրորդ դրույթում են հանդիպում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ նշված օրենքը ընդունվել է խորհրդարանի կողմից եւ ստորագրվել է երկրի նախագահի կողմից, այն լուրջ ուղղումների կարիք ունի:
«Ես առաջարկեցի, որպեսզի աշնանային նստաշրջանի սկզբում խորհրդարանական լսումներ կազմակերպվեն: Մինչ այդ մենք կհրավիրենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մարդու իրավունքների հանձնաժողովը լրջագույնս կզբաղվի այդ հարցով»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ընդունման հարցում շտապողականություն են դրսեւորել: Պատգամավորի համոզմամբ, չնայած այն հանգամանքին, որ օրենքը երկար պատմություն ունի, այն նախքան երրորդ ընթերցմամբ ընդունելը պետք էր առավել մանրամասն ուսումնասիրել:
«Իհարկե, «Կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավունքների ու հնարավորությունների հավասարության մասին» օրենքը կարեւոր խնդիր է լուծում. օրենքի փիլիսոփայությունն այն է, որ տղամարդիկ եւ կանայք պետք է հավասար իրավունքներ ունենան, սակայ օրենքի որոշ ձեւակերպումներ կարող են սխալ մեկնաբանությունների առիթ տալ»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ կարճ ժամկետում օրենքի ընդունումից հետո ծագած խնդիրները կլուծվեն:Հիշեցնենքմ որ սույն թվականի մայիսի 20-ին Հայաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասար իրավունքներ ու հնարավորություններ ապահովող օրինագիծը: Օրինագծի երրորդ դրույթը հասարակության եւ սոցիալական ցաբցերի շրջանակներում բուռն քննարկումների նյութ դարձավ: Նշված դրույթում «գենդեր» երեւույթը բացատրվում է, որպես «տարբեր սեռի ներկայացուցիչների ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված պահվածք, տղամարդու եւ կնոջ հարաբերությունների սոցիալական դիրք, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում»:





























