Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ազգային ժողովից:
Ողջունելով դեսպանին` Արտակ Զաքարյանը՝ որպես նաեւ Հայաստան -Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ընդգծել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները թեեւ լավ են, սակայն, դեռեւս հետագա բարելավման եւ համագործակցության լայն հնարավորություններ ստեղծելու կարիք ունեն, հատկապես հումանիտար, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում: Նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Արտակ Զաքարյանը նշել է նաեւ, որ հայ եւ հրեա ժողովուրդների ճակատագրերը, ինչպես նաեւ ներկայիս խնդիրները համանման են:
Դեսպան Մեիրոմը եւս կարեւորել է Իսրայելի Կնեսետի հետ ԱԺ-ի հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ Կնեսետում արդեն ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ եւ Արտակ Զաքարյանին փոխանցել խմբի նորանշանակ ղեկավար Իսրայել Հասոնի ողջույնի նամակը:
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Դեսպանը ներկայացրել է Մերձավոր Արեւելքում զարգացումները եւ իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: Արտակ Զաքարյանը կարեւորել է հարեւան պետությունների հետ լավ հարաբերություններ ունենալու Հայաստանի ձգտումները եւ անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին:
Զրույցի ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվել Իսրայելում հայկական համայնքի եւ Հայաստանում հրեական համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:





























