Օստապ Բենդերը, երբ գլուխ էր գովում, թե ինքը փող աշխատելու համեմատաբար ազնիվ 400 միջոց գիտի, ծանոթ չի եղել ՀՀ իշխանություններին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Այլապես մեծն կոմբինատորը ստիպված կլիներ խոստովանել, որ այդ ոլորտում զիջում է նրանց, մասնավորապես, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին։
Դատեք ինքներդ. ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ԴԱՀԿ ծառայությունը ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամ է տրամադրել իր հաշվեկշռում գտնվող 13 ավտոմեքենայի վերանորոգման համար։ ԴԱՀԿ-ին պատկանող BYD մեքենաները վերանորոգվել են «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում։ Իսկ թե ում է պատկանում այս ՍՊԸ-ն, հայտնի է ամենքին. անգամ ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանի կենսագրության մեջ է նշված, որ 1996թ. ինքն է եղել դրա հիմնադիրը։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Քեթրին գրուպը» զբաղվում է Հայաստան մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ BYD մակնիշի մեքենաների ներկրմամբ։ Եթե ուշադրություն դարձրիք՝ ԴԱՀԿ-ի վերանորոգած մեքենաները պատկանում են հենց BYD ֆիրմային։
Փաստորեն, ԴԱՀԿ պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, ՀՀ պետբյուջեի միջոցներն ուղղում է սեփական բիզնեսի բարգավաճմանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























