Ոմանք խորհրդանշական են համարում այն փաստը, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին նախագահ ընտրվելուց հետո նախ Ադրբեջան գնաց եւ ոչ թե Հայաստան եկավ, ու այստեղ ինչ-որ հավասարակշռության խախտում են տեսնում՝ անգամ հայ-ռուսական հարաբերությունների նահանջի տարրեր հայտնաբերելով։

Այս մասին գրում է «Ազգ» թերթը եւ հավելում. «Սակայն էմոցիան՝ էմոցիա, Հայաստանն ինքնիշխան պետություն է ու պետք է առաջնորդվի միջպետական հստակ հաշվարկված մոտեցումներով, ոչ թե սիրո եւ բարեկամության մասին խոսակցությունների մակարդակը դարձնի Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի հետ միջպետական հարաբերությունների հիմքը։

Այս իմաստով առաջիկայում ՝ սեպտեմբերի առաջին օրերին կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումը, մեր ունեցած տեղեկություններով, հայկական կողմը շատ է կարեւորում եւ դրան պատրաստվում է ամենայն մանրամասնությամբ՝ ֆիլտրելով բոլոր փաստարկներն եւ մոտեցումները...

Պուտինի վերջին՝ ադրբեջանական այցը, որ ավելի շատ արտաքին կողմ ուներ,  ցույց տվեց, որ այն ավելի շուտ միմյանց հնարավորությունները մեկ անգամ եւս չափել-կշռելու սովորական այց էր ու բոլորովին Եվրասիական կամ Մաքսային միության ուղղությամբ Ադրբեջանի հանդեպ Պուտինի անհամբերության որեւէ դրսեւորում ի ցույց չդրեց...»,- գրում է «Ազգը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):