Լեհաստանի քաղաքացի, 21-ամյա Իգա Կովալսկան, ով մի խումբ այլ երկրների իր հասակակիցների հետ Հայաստան է եկել «ԱՅՍԵԿ» հասարակական կազմակերպության փոխանակման ծրագրով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն դուր է եկել Երեւանի ճարտարապետությունը, հատկապես ժամանակակից շենքերը, որոնք, նրա կարծիքով, հետաքրքիր կերպով համադրվում են հնի ու քրիստոնեական մշակույթի հետ։
Ծրագրով առաջարկվող երկրներից Հայաստանը Իգան ինքն է ընտրել. «Ձեր երկրի մասին ոչինչ չգիտեի։ Գիտեի միայն, որ հետխորհրդային երկիր է։ Իտալիա կամ Իսպանիա կարող եմ գնալ ցանկացած ժամանակ, ինձ համար դա խնդիր չէ: Բայց որոշեցի գալ ու բացահայտել Հայաստանը»։
Լեհ ուսանողուհին մի քանի օր է, ինչ Հայաստանում է, բայց հասցրել է նկատել, որ հայերը ավելի բաց են, քան լեհերը, ավելին՝ Իգան կարծում է, որ Հայաստանում մարդիկ ավելի քիչ են նյարդայնանում, ավելի հանգիստ են եւ կարողանում են համատեղել աշխատանքը հանգստի հետ:

23-ամյա Լիու Յանգին զարմացրել է այն, թե որքան ազատ են հայերը՝ իր երկրի՝ Չինաստանի հետ համեմատ։ Լիուն առաջին անգամ Երեւանում է փաբ գնացել, նրան գրավում է հատկապես Երևանի գիշերային աշխուժությունը։ Հայերը նրան դուր են եկել. «Բարի են, հոգատար, ընկերական, ուժեղ եւ անկախ», միայն ափսոս, որ «քչերն են խոսում անգլերեն»։
«Բայց նույնիսկ նրանք, ովքեր անգլերեն չեն խոսում, ժպտում են ու փորձում են օգնել, եւ մենք մեզ այս քաղաքում օտար չենք զգում»,- ասում է Լիուն։
Երիտասարդ չինուհին դժվարությամբ է գլուխ հանում հասարական տրանսպորտից. «Ավտոբուսի տոմսեր չկան, կանգառները պարզ չեն, ամեն անգամ պետք է հարցնես՝ ուր է գնում, ինչպես է գնում»։
Երեւանում նրա սիրելի վայրը Կասկադն է։ Ոգևորությամբ պատմում է այն զգացմունքների մասին, որ ունեցավ, երբ առաջին անգամ Կասկադից տեսավ քաղաքը. «Ուրախ եմ, որ Երեւանը սկսեցի ճանաչել հենց Կասկադից, աննկարագրելի զգացմունք էր»։

Կոլումբացի Նիկո Նեյրան, ով վերջերս է ավարտել կամավորական ծրագիրը Հայաստանում, Հայաստանի հետ կապված իր լավագույն հիշողությունները համարում է հայկակակն լավաշն ու դոլման։ «Լավաշն ինձ համար թմրանյութի նման էր, ամեն օր անպայման գոնե մի կտոր պետք է ուտեի»,- հիշում է նա։
Ռուսաստանում ապրելիս Նիկոն լսել էր միայն, որ Հայաստանը «մի աղքատ ու անհետաքրիր երկիր է»:
«Իմ երկրի մասին էլ են սովորաբար այդպես խոսում ու սխալվում են, դրա համար էլ որոշեցի՝ ինքս գամ ու ստուգեմ»։
Երևանում անցկացրած առաջին իսկ օրը Նիկոն սիրահարվեց հայերին. «Ասես՝ մի ամբողջ կյանք այդտեղ էի ապրել»։
Նիկոն հիշում է, որ ամեն շաբաթ «Վերնիսաժ» էր գնում, հենց այնպես՝ առեւտրի աղմուկը լսելու, վաճառողների հետ զրույցի բռնվելու, իրերի պատմությունն իմանալու համար։
Կոլումբացին կատակով նկատում է՝ նույնիսկ լավ է, որ աշխարհում մեծ մասամբ չգիտեն, թե ինչ հիանալի վայր է Հայաստանը. այդպես քեզ ոչ ոք չի խանգարի հանգիստ ապրել։ Նիկոն կարծում է, որ Հայաստանում շատ բան կարելի է փոխել, եթե ավելի շատ լինեն մարդիկ, ովքեր հավատում են, որ հնարավոր է այդ փոփոխությունը։
«Կցանկանայի բոլոր հայերին ինձ հետ տանել Կոլումբիա, ցույց տալ, թե որքան շատ ենք մենք աշխատում, որ ապացուցենք աշխարհին, որ մենք փոքր ու աղքատ երկիր չենք: Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Կոլումբիան ապրելու համար հիանալի երկիր է»,- ասում է Նիկոն։ Նա վստահ է, որ Հայաստանը տասը տարի հետո կդառնա ամենահայտնի տուրիստական երկրներից մեկը, ինչի ներուժը ունի. «Հայերն ապրում են տարբեր երկրներում, եթե յուրաքանչյուրը Հայաստան գալիս իր հետ մեկ ընկեր բերի, բոլորը կճանաչեն այս երկիրը»։
Մարիամ Անտոնյան





























