ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Հայաստանի հետ ընդհանրապես կամ գրեթե ոչ մի կապ չուներ: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը երրորդ անգամ կընտրվի պաշտոնում: 

«Հետաքրքիր կլինի հետեւել, թե ձայների քանի տոկոսով դա տեղի կունենա, արդյոք կգործի ադրբեջանական սովորական ռեֆլեքսը, որպեսզի նա ընտրվի 120%-ով, թե Ալիեւը կվերընտրվի ավելի ցածր տոկոսով», - նշել է Իսկանդարյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ալիեւի վերընտրվելը ձեռնտու է Հայաստանին, քաղաքագետն ընդգծել է, որ դա տարբեր կողմեր ուղղված քայլ էր: «Դժվար թե Ալիեւի համար հաճելի լիներ, որ իրեն աջակցում է նման «խորհրդավոր թշնամին», ինչպիսին Սերժ Սարգսյանն է», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը` տեսակետ հայտնելով, որ ՀՀ նախագահի հայտարարությունը նպատակ ուներ համաշխարհային հանրությանը ազդակ հղել այն մասին, որ հայկական պետությանը Ադրբեջանում  կայունություն է պետք:  Նրա համոզմամբ` վերջին 19  տարում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է Հայաստանին

Հիշեցնենք, «Բազե» ճամբար այցելության ընթացքում, պատասխանելով մասնակիցներից մեկի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին առնչվող հարցին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ մեր պետության համար ձեռնտու կլիներ  Իլհամ Ալիեւի վերընտրվելը:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 9-ին: